Ընտրությունների գրեթե հայտնի արդյունքները
Մաս 1. Հայկական դեֆոլտ կամ Սաունա-պետություն
Այս ընտրության արդյունքները ոչ թե ԿԸՀ-ն է հաշվարկելու, այլ՝ մեզ բարեկամ և հակառակորդ պետությունները։Սա է այս ընտրության առանցքային պահը։ Եվ Տիգրան Մուկուչյանը ոչ թե թվեր և մանդատների քանակ է հրապարակելու, այլ՝ մեր պետության հետագա դատավաճիռը։ Իսկ դրա տարբերակները երեքն են.
1. Հայկական վերածնունդ
2. Հայկական դեֆոլտ
3. Հայկական պետականության հիբրիդային կազմաքանդում
Հայկական դեֆոլտ
«Մեզի Ղարաբաղ պետք չի, Սյունիք պետք չի, թուրքի հետ խախանդ կապրենք, հալալ ա Նիկոլին»։ Այս գաղափարախոսությունը ունի կրողներ՝ շարքեր, ինտիտուցիոնալ միավոր և լիդեր։ Այն կոչվում է «էլեկտորալ թրիք»։
Այս գաղափարի հաղթանակն ի լուր աշխարհի ազդարարելու է հայկական դեֆոլտը։ Սա նշանակում է, որ
■ Հայ ժողովրդի կրթված հատվածն ընդունում է իր պարտությունը և արձանագրում իր խոր անտագոնիզմը հայ ժողովրդի մի զգալի հատվածի հետ, վայր է դնում պետության և ժողովրդի հանդեպ իր պատասխանատվության զգացումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
■ Սփյուռքի կենսունակ և ազդեցիկ հատվածը, միավորները, շրջանակները սրընթաց կերպով օտարանում են հայկական պետությունից
■ Արցախի հայությունն արձանագրում է իր անպաշտպանվածությունը և առաջիկա տարիներին լքում իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանը։
■ Ռուսաստանն արձանագրում է հայ ժողովրդի՝ պետություն ունենալու անկարողությունը և էապես վերանայում է իր անելիքները տարածաշրջանում
■ Թուրքիան և Ադրբեջանը արձանագրում են հայկական պետության դեգրադացիայի չափը, Ռուսաստանի փոփոխված ծրագրերը։ Դրանից հետո Հայաստանից պոկում են իրենց համար կենսական տարածքային բոլոր հատվածները։
■ Հայաստանի մնացած հատվածը դառնում է Թուրքիայի սպասարկման կենտրոնի, մոտավորապես՝ Սաունա-պետության կարգավիճակ։
Սա է Հայաստանի հեռանկարը, որ կարող է արձանագրվել ընտրությունների արդյունքում։ Եվ բոլոր նրանք, ովքեր սա հասկանում են, պարտավոր են անել ամեն ինչ՝ նման բան թույլ չտալու համար։ Ամեն ինչ։
Ի դեպ, Հայաստանի համար նման հեռանկար պատրաստողների մեջ բոլորը չեն չկրթված և սոցիալական սուր խնդիրներով։Կա մի շերտ, որը բավական ապահով է և իրեն թվում է, թե կրթված է, ու որը Երևանի մոդայիկ սրճարաններում նստած կարող է ժամերով փիլիսոփայել, թե «Փաշինյանի տարածաշրջանային զարգացման մոդելը ճիշտ է, սա 21-րդ դարի մոտեցում է ռեգիոնալ խնդիրներին, որ ռևանշիզմն անթույլատրելի է, քանի որ կբերի նոր էսկալացիայի և այլն»։
Այս խավն անկիրթներից տարբերվում է նրանով, որ մի երկու տերմին գիտի ու ժամանակին բիզնեսի անվան տակ և նախկին իշխանությունների թողտվությամբ կարողացել է թալանել երկիրը, ու հիմա Նիկոլ է քարոզում ու խոսում «ռեգիոնալ մոդելների» մասին՝ միայն ու միայն մեկ նպատակով՝ փող աշխատելու։ Ինչևէ։
Դժվար է հաշվարկել հայկական դեֆոլտի իրական ռիսկայնությունը, բայց այն կա, հետևաբար՝ ընտրությունների թեմային չի կարելի վերաբերվել սիրողական մակարդակով կամ էմոցիաներով կամ ներքին մասնավոր տարաձայնությունները չհաղթահարած։ Անդառնալի կորստի գինը շատ ավելի մեծ է, քան՝ ցանկացած նեղացվածություն կամ անձնական շահ։
Շարունակելի
Վահե հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ