Հայկական օրակարգ. Ներքին համերաշխություն, հայկական աշխարհ, համահայկական ռեսուրս

Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները։

Ռուբեն Կարապետյան. Արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետությունը պիտի դառնա մեր բոլորի կուսակցությունը, որովհետը մեր կուսակցական բաժանվածությունն ու հատվածականությունն է քանդել մեր տունը։ Ոչ թե պետք է ստեղծել ինստիտուտ, որը կկառավարի մեր սփյուռքը, այլ հենց սփյուռքի ներգրավվածությամբ ձևավորել այդ ինստիտուտները։ Իրականում, եթե ուզում ենք հասկանալ, թե ինչպես եղավ, որ հայկական սփյուռքի ու Հայաստանի հայերի միջև անջրպետ առաջացավ, պետք է գնալ-հասնել մեր անկախության առաջին օրերին։ Անկախության առաջին տարիներին կար վերաբերմունք, որ սփյուռքի հետ աշխատելու կարիք չկա, ով ուզում է՝ կարող է վեր կենալ ու գալ Հայաստան, և այդ ուղղությամբ միասնական քաղաքականություն իրականացնել պետք չէ։ Հետագա տարիներին սփյուռքի հետ աշխատելու համար ստեղծվեց նախարարություն, սակայն չի կարելի միայն պետական մարմնով հարաբերվել սեփական սփյուռքի հետ, այն պետք է պետականորեն կառավարել։
Երբ մի ազգ ստեղծում է անկախ պետականություն, իրավունք չունի չառաջնորդվելու համազգային գաղափարախոսությամբ։ Մենք մերժեցինք ազգային գաղափարախոսությունը, հետո ուրիշ գաղափարախոսություններ տիրեցին, որոնք ներմուծված էին դրսից։ Սա մերժել է պետք, ինչի համար պետք է վերագտնենք ինքներս մեզ։

Մենք պիտի կառուցենք այնպիսի Հայաստանի Հանրապետություն, որը կդառնա միավորող մի առանցք, կենտրոնաձիգ մի միավոր: Անհրաժեշտ է հիշել, որ տարաբնույթ պատմական իրադարձությունների հետևանքով մենք՝ հայերս, շատ տարբեր ենք, բազմադեմ ենք: Այդ բազմադեմ և իրարից շատ տարբեր հայերի միավորումը համազգային պետության շուրջ այն էր, ինչը մենք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չկարողացանք անել անկախության տարիներին, գուցե՝ նոր բացված աշխարհը խանգարեց: Համազգային միավորման տարբեր պրակտիկաններ կան աշխարհում, լավագույն օրինակներից մեկն Իսրայելն է, որը տարբեր ինստիտուտների գործադրմամբ, նաև՝ լեզվի, կրոնի և այլ միջոցներով, միավորում է ողջ հանրությանը: Հենց այս ճանապարհով մենք պիտի հաղթահարենք մեր և սփյուռքի հայերի միջև առաջացած անջրպետը. այլընտրանք չկա:



Վահե Հովհաննիսյան. Այլընտրանքային նախագծեր խումբ

Արցախյան պատերազմը իսկապես խոր ճգնաժամ առաջացրեց հայկական աշխարհում, որի էությունը հետևյալն էր․ այն, ինչը միավորում էր՝ լավ թե վատ, ուժեղ թե թույլ, այդ միավորող համակարգը հաղթանակն էր, և այդ միավորող համակարգը փլուզվեց։ Պարզվում է, որ շատ դժվար է միավորվել պարտության շուրջ, ոչ ոք չի ուզում միավորվել պարտության կամ այլ լուրջ խնդրի շուրջ, և այդ պատճառով հայկական աշխարհի փլուզումը պատերազմից հետո սրընթաց էր։ Դրա համար Հայաստանը պետք է նոր օրակարգ ներկայացներ, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չարվեց, այդ թվում՝ ընդդիմության կողմից։ Պատճառները շատ տարբեր էին։
Մենք անպայմանորեն պիտի ձևավորենք հայակենտրոն օրակարգ։ Ո՞վ կամ ո՞վքեր դա պիտի անեն։


Արթուր Խաչիկյան. Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր

Մեզ անհրաժեշտ է այնպիսի ուժ կամ խումբ, որը լինի կոմպետենտ,
երկրորդը՝ մեզ անհրաժեշտ է պրագմատիկ և առաջադեմ օրակարգ, այլ ոչ թե՝ էթնիկ պատմական։ Վերջին 30 տարիներին մենք մեզ պահեցինք որպես էթնիկ խումբ, որը չգիտեր՝ ինչպես պետություն կառուցել, և մենք այսօր գտնվում ենք պետականության կորստի վտանգի առջև։
Այսօր ձևավորվում է արտաքին քաղաքական շատ անբարենպաստ իրավիճակ մեր շուրջ։ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը ստեղծում է պատմական մի նոր փուլ. այն կարելի է որոշ չափով համեմատել սառը պատերազմի հետ, բայց դա մեզ համար սառը պատերազմից շատ ավելի վտանգավոր է, քանի որ սառը պատերազմի ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր կողմերում էին, իսկ այսօր որոշ հարցերում նույն կողմի վրա են։ Այս ամենը հաշվի առնելով՝ մեզ ավելի քան անհրաժեշտ է կոմպետենտ քաղաքականություն և կոմպետենտ դիվանագիտություն։


Հրաչյա Ռոստոմյան. ՀԱՕԿ գլխավոր քարտուղար

Տեսականորեն մեզ մոտ ամեն ինչ արտակարգ է, մենք աշխարհի լավագույն տեսաբաններն ենք, բայց հենց գալիս է տեսությունը կյանքի կոչելու պահը, միանգամից խնդիրներ են առաջանում։ Խնդիրներից առաջինն այն է, որ մենք նախանձ ենք դարձել։ Մենք նախանձում ենք մեզնից սիրունին, մենք նախանձում ենք մեզնից գրագետին, մենք նախանձում ենք մեզնից ուժեղին։ Համընդհանուր նախանձը մեր գլխավոր խնդիրն է։
Մեզ կարդինալ փոփոխություններ են պետք։ Երբ Ազգային Ժողովը նոր էր
ընտրվել, ուներ հնարավորություն՝ համերաշխություն մտցնելու, բայց դա չեղավ։ Այսօր այս Աժ-ից սպասել համերաշխություն՝ ժամանակի անիմաստ կորուստ է։ Դրա համար ես կոչ եմ անում, որ մեր հանրությունը, քաղաքական գործիչները, մեր անվանի մարդիկ, գիտնականները, հոգևոր հայրերը միանան բոլորիս և փորձեն համերաշխություն մտցնել։
Երբ այդ հանրային համերաշխությունը լինի, մնացածը «дело техники»:
Այս պահի դրությամբ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում Քրիստոսի արձանը լայն քննարկման առարկա է դարձել։ Դրա վառ ապացույցներից են 200-ից ավել նախագծերը, որոնք ստացել ենք առաջարկության տեսքով, և դրանք քննարկման առարկա են դարձել։ Բոլոր գործողությունները հանրության հետ քնննարկվում են, դրվում են հանրության լայն շրջանակների քննարկմանը, իսկ սա արդյո՞ք հենց հանրային համերաշխության ծրագիր չէ։ Ասեմ, որ արդեն մի քանի հարյուր մարդ հերթագրվել է, որ կամավորական սկզբունքներով գա և աշխատանքներին մասնակցի։

 

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով