Հանուն հայ-ֆրանսիական իրական բարեկամության

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Ազնավուրն իրավացիորեն ընկալվում է որպես ժամանակակից հայ-ֆրանսիական եղբայրական հարաբերությունների խորհրդանիշ։
Արդեն 22 օր է` Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում հետպատերազմյան Հայաստանի զարթոնքը. այնտեղ արժանապատվության դրոշի տակ հավաքվել են Հայաստանի քաղաքացիները՝ պաշտպանելու ազգային շահերը։

Պատահական չէ, որ այս գործընթացը ծավալվում է հենց Ֆրանսիայի հրապարակում։ Ֆրանսիան և Ֆրանսիայի քաղաքացին շատ լավ գիտեն` ինչ է արժանապատվությունը, ինչ է պայքարը արժանապատվության համար, ինչ են դժվարությունները, և ինչ է հաղթանակը։
Վերջին շրջանում արևմտյան տարբեր կառույցների կողմից փորձեր են արվում` մեր ազգային արժանապատվության ոտնահարմամբ, ազգային շահերի անտեսմամբ տանել մեզ անհասկանալի ուղղությամբ` այդ ամենը ներկայացնելով ժողովրդավարության դրոշի տակ։ Այդ փորձերը մի պահից սկսած` հանդիպում են հայ ժողովրդի, մեր հանրության գիտակից հատվածի դիմադրությանը, և պետք է հուսալ, որ Ֆրանսիայի Հանրապետությունը ճիշտ կկողմնորոշվի և չի մտնի երկստանդարտ արժեքների բեռի տակ, կգնահատի հայ ժողովրդի ազգային իղձերի կարևորությունը։

Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսված` Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը հայ հասարակությունը մոտենում է մեծ մտավախությամբ` զգուշությամբ վերաբերվելով օրակարգին, որն առաջ են մղում արևմտյան դեսպանները և բանագնացները, կասկած ունենալով, որ այն կարող է հակասել հայ ժողովրդի ազգային շահերին կամ առնվազն` հաշվի չառնել դրանք։ Հայ ժողովուրդը վաստակել է ավելի արժանի լուծումների իրավունքը։ Հայ ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագրի վճռմանը մասնակից լինելու իրավունքը` կասկածի տակ առնելով երկիրը պարտության առաջնորդած իշխանության` արժանապատիվ բանակցություններ վարելու ունակությունը։

Մենք ուզում ենք հավատալ, որ Շառլ Միշելի և Եվրամիության դրոշի ներքո տարվող բանակցություններում Ֆրանսիան, որպես ժողովրդավարության հիմնադիր երկիր, որպես մեզ եղբայրական պետություն, կասի իր արժանապատիվ խոսքը։ Չենք կարող բացառել, որ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումները չեն արտահայտում եվրոպական քաղաքական հանրության իրական և ամբողջական մոտեցումները և հանդիսանում են այլ գերտերության թելադրանքի արգասիք։ Մեզ թույլ ենք տալիս կարծիք հայտնել, որ Ֆրանսիան ավելի բարձր պետք է պահի ժողովրդավարության և արժանապատվության դրոշը և մեր երկու երկրների միջև սկսի ուղիղ աշխատանք` այն չսահմանափակելով միայն իշխանության հետ աշխատանքով։ Անհրաժեշտ է հաշվի առնել այս օրերին փողոցում պայքարող, ինչպես նաև իշխանության հետ պասիվ հակադրության մեջ գտնվող գիտակից հանրության և հայ հասարակության այլ շերտերի կարծիքը, և նրանց հետ համաչափ աշխատանքի շնորհիվ փորձել գտնել լուծման առավել ընդունելի տարբերակներ։


Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով