Խաչատուրովի պաշտպանությունը հայկական պետության պաշտպանությունն է.

այն անհրաժեշտ է վերափոխել զանգվածային քաղաքացիական շարժման

Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության պրոցեսը պետք է հանել զուտ իրավապաշտպանության հարթությունից։ Սա պետք է տեղափոխվի պետությա´ն պաշպանության և հանրային հաշտեցման դաշտ։
Ստեղծվել է Գ. Խաչատուրովի աջակցության խորհուրդ. ներգրավվածներից ում ճանաչում եմ՝լուրջ մարդիկ են, լավ քաղաքացիներ։ Ու չեմ ճանաչում անձամբ, վստահ եմ՝ նույն որակներն են։ Շատ լավ է, որ ակտիվորեն ներգրավված է եկեղեցին։
Եվ տվյալ դեպքում սա իրավապաշտպանություն չէ։ Սա ավելին է։
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը, հետապնդումն ավելի շատ նման է թշնամուն հաճոյանալու, ծնկաչոքության ռիտուալի։
Հետևաբար, հայ հասարակության արձագանքը պետք է լինի նույն տիրույթում։ Եթե հայ հասարակությունն այսօր չկանգնի իր կիրթ, հաղթած զինվորականի կողքին, ապա դա կնշանակի, որ վաղը աղ ու հացով դիմավորելու ենք թուրք զինվորականին։ Եվ սա´ է իսկական արտահերթ ընտրությունը, ոչ թե՝ անհասկանալի դաշիքների միջև քվեարկությունը։
Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը կարող է դառնալ հանրային հաշտեցման մեծ պրոցեսի առաջին լուրջ քայլը։ Ներքին հաշտեցումն այլընտրանք չունի։ Սա պետությունը պահելու, ազգային բարոյական նեխումը կասեցնելու և աղետաբեր կառավարմանը վերջ տալու միակ ճանապարհն է։

Հաշտեցման պրոցեսի սկիզբը պետք է դնի Եկեղեցին, որն ունի իր բնական դաշնակիցները՝ ի դեմս հանրային գործիչների մի մեծ խմբի, որն ունի բոլոր հնարավորությունները՝ հանրային տրամադրությունների ձևավորման վրա ազդելու։ Ներքին հաշտության գաղափարը ունի հսկա հանրային ռեսուրս, որին պետք է օգնել՝ գիտակցել սեփական ուժը։
Ամեն օր հազարավոր ուսուցիչներ մտնում են դասարաններ ու խոսում պետությունից, հայրենսասիրությունից։ Ամեն օր հազարավոր դասախոսներ, բժիշկներ, ուսանողներ, արհեստավորներ, գյուղացիներ խոսում են, սրտնեղում, ելքեր են փնտրում ստեղծված վիճակից։

Հանրային գործիչների խմբի խնդիրն է՝ հասնել նրան, որ լայն հասարակությունը վերջապես վերգտնի միասնությունն ու համերաշխությունը։ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանությունը հենց այն գործոնն է, որը կարող է սկիզբ դնել այդ պրոցեսին։ Արժանապատիվ քաղաքացի, գեներալ, որն իրեն միշտ պահել է իսկական գեներալին վայել, որին հարգում է բանակը, հասարակ մարդիկ. նրա հանդեպ քայլերը կոնկրետ հայկական պետության հանդեպ քայլեր են։
Կան տեխնոլոգիական քայլեր, որոնք պետք է անել, ձևակերպել ճիշտ բովանդակություն, և պրոցեսը շատ արագ կծավալվի։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով