Ադրբեջանի նպատակն է Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը
Հունիսի 13-15 Մարաքեշում ընթացող Միջխորհրդարանական միության` միջդավանանքային երկխոսությանը նվիրված համաժողովին Էլինար Վարդանյանը խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքում կրոնական, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ: Ելույթը ստորև.
Հարգելի գործընկերներ,
Երբ մենք քննարկում ենք միջկրոնական և ներդավանանքային երկխոսության թեման, ինչպես նաև վերջիններիս կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ խաղաղության խթանման հարցում, շատ կարևոր է պատշաճ գնահատական տալ ոտնձգություններին, որոնք ուղղված են տարբեր հավատքներում կարևորագույն նշանակություն ունեցող կրոնական արտեֆակտների դեմ:
Ցավոք, 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, Արցախի Հանրապետության տարածքում գտնվող շուրջ 161 հայկական եկեղեցի և 591 կրոնական ցուցանմուշ, այդ թվում՝ բազմաթիվ հայկական բացառիկ խաչքարեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այս եկեղեցիները, տաճարները, վանքերը և խաչքարերը դատապարտված են արժանանալու հայկական ծագում ունեցող ցանկացածի կամ յուրաքանչյուրի ճակատագրին, որ երբևէ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ադրբեջանի պետական քաղաքականության վերջնական նպատակն է կարծես Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում առկա հայկական պատմամշակութային ժառանգության աղավաղումն ու ոչնչացումը։
Պետական մակարդակով հայտարարություններ են եղել, որ կրոնական պաշտամունքի այս վայրերը հայկական ծագում չունեն, և մի քանիսն ուղղակի քանդվել են, իսկ մյուսներն այլաձևվել են «վերականգնողական աշխատանքների» պատրվակով։
2021 թվականի մարտին ամբողջությամբ ավերվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում էր այժմ ադրբեջանական վերահսկողության տակ հայտված Մեխակավանում։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը, որը հայտնի է որպես Սուրբ Ղազանչեցոց տաճար, այլափոխվել է, այլանդակվել:
2022 թվականի հոկտեմբերին Սուրբ Սարգիս եկեղեցին, որ գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում, ողբերգականորեն ավերվել է Ադրբեջանի կողմից:
Օրինակները կարելի է երկար շարունակել:
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021 թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների»:
Ադրբեջանի իշխանությունների կողմից, սակայն, Արցախի հանրապետության օկուպացված տարածքում հայկական պատմական և կրոնական ժառանգության դեմ ուղղված վանդալիզմի և ոչնչացման դեպքերը, դրան զուգահեռ պետական մակարդակով պատմական հիշողության կանխամտածված և անօրինական յուրացումը, շարունակվում է:
Հաշվի առնելով վերը նշվածը, և եթե մենք ցանկանում ենք միասին աշխատել ապագայի համար, որտեղ կրոնը, կրոնական ժառանգությունը և համոզմունքները հարգված և պաշտպանված կլինեն առաջադեմ մարդկության կողմից, միջազգային հանրությունը պետք է պահանջ ներկայացնի վերջ տալ կրոնական արտեֆակտների ոչնչացմանը և աղավաղմանը:
Ավելին, մենք խիստ կարևորում ենք միջազգային պատվիրակությունների այցելությունը Արցախի Հանրապետության տարածքներ, որոնք պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նման այցելությունները կնպաստեն փաստահավաք առաքելություններին, որոնց նպատակը կլինի գնահատել հայկական կրոնական և մշակութային ժառանգության ներկա վիճակը:
Շնորհակալություն ուշադրության համար: