Մի քանի հոգի սենյակում նստել, գրել են, ավելի լավը լինելու համար Կառավարության ծրագրի մշակումը պետք է լիներ հանրային. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ)

Պետք է փոխվեր կառավարության ծրագրի մշակման մեխանիզմը։ Մի քանի հոգի սենյակում նստել, գրել են, ավելի լավը լինելու համար ծրագրի մշակումը պետք է լիներ հանրային։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ծրագիրը գրվել է նույն մեթոդով, ինչպես գրվում էր նախկինում։ Մի քանի հոգի սենյակում նստել, գրել են, ինչո՞ւ դա պետք է լիներ ավելի լավը։ Որպեսզի ծրագիրն ավելի լավ լիներ, դրա գրման, մշակման մեխանիզմը պետք է փոխվեր։ Որտե՞ղ և ո՞ր փուլում են եղել լուրջ քննարկումներ մեր երկրի լուրջ պրոբլեմների մասին, որտե՞ղ են պրոբլեմները քննարկվել շահառուների հետ, որտե՞ղ են խնդիրները դրվել բաց հանրային քննարկման։ Իշխանությունը խրախուսե՞լ է բաց դիսկուսիան, որի արդյունքում կծնվեր ավելի լավ առաջարկ»,- նշեց նա։

Կառավարության ծրագրի կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում տեղ գտած մեխանիզմները, ըստ Վահե Հովհաննիսյանի, շատ մեծ վտանգներ են պարունակում և կիրառելի չեն։ Իսկ անցումային արդարադատության մեխանիզմները, մասնավորապես՝ գույքի օրինականության ապացուցման խնդիրը կարող է վատ ազդակ լինել ներդրողների համար։

«Առայժմ միայն «սիլվայական» արդարադատության մշակույթն է գործում։ Մի կին կարող է ամեն օր վեր կենալ և ինչ-որ մեկի դեմ ցուցմունք տալ, հաջորդ օրն ինքը՝ իր ցուցմունքը հերքել։ Եթե մենք սա համարում ենք կոռուպցիայի դեմ պայքար, անլուրջ է։ Պետք է հասկանալ՝ կոռուպցիայի արմատները որտեղ են։ Եթե կոռուպցիա ենք համարում ամեն մի փոքր դրվագը և դա թմբկահարելով, եթերային պայքարով իմիտացիա ենք սարքում, թե մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ոչ մի արդյունք չի տա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքային փոփոխություններին, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամը նշեց, որ նախարարությունների միացումը, կրճատումը մեխանիկական է և տալու է զրոյական օգուտ․ «Կարող ես նախարարությունը տասն անգամ փակել և բացել, ոչինչ չի փոխվելու, քանի դեռ իշխանությունը չունի պատկերացում՝ ինչ է ուզում ստանալ»։

«Եթե խոսենք պարգևավճարների մասին, այդ թեման այնքան ժամանակ ինձ համար ակտուալ չէր, քանի դեռ իշխանության ներկայացուցիչները սկսեցին պաշտպանել և մեկը մյուսից ավելի անգրագետ։ Իրականում կա պետական ապարատում ցածր աշխատավարձի խնդիր, և պետք է լինեին պարգևավճարներ, այստեղ կա մեկ խնդիր՝ պարգևատրման չափը։ Դու չես կարող 7-8 մլն պարգևատրումներ տալ այն դեպքում, երբ բժիշկն ու ուսուցիչը 80 հազար դրամ են ստանում։ Հետհեղափոխական իշխանությունն այդպես պահել իրեն չի կարող, այդ իշխանությունը պետք է լինի ցուցադրական համեստ»,- ընդգծեց նա։

Վահե Հովհաննիսյանը նաև մտահոգություններ ունի Արցախի հիմնախնդրի շուրջ տարվող բանակցությունների առումով։ Ըստ նրա՝ ներկայիս իշխանություններն Արցախի թեմայով շատ հանպատրաստից սկսեցին հայտարարություններ անել։

«Այս ամիսների ընթացքում փոխվել են հայտարարությունների և՛ ոճը, և՛ հռետորաբանությունը, բովանդակային նոր երանգներ են ավելացել, և փոխվել է անմիջապես Ադրբեջանի արձագանքը։ Իշխանությունը փոխվում է, գալիս են նոր մարդիկ, բայց կան թեմաներ, որոնք պարտադիր պետք է ունենան ինստիտուցիոնալ հիշողություն։ Մեր պարագայում դա Արցախի թեման է, և ցանկացած հայաստանյան իշխանություն չպետք է ասի՝ ես նոր էջից եմ սկսում։

Նախորդ իշխանությունների պրոբլեմին տեղյակ մարդկանց հետ ինքը պետք է խոսեր, հասկանար։ Բայց մենք չարեցինք դա, նոր իշխանությունը եկավ և ասաց՝ ես Ղարաբաղյան հարցի նոր կոնցեպցիա եմ դնում։ Մենք կարո՞ղ ենք այդ շռայլությունը մեզ թույլ տալ, չենք կարող, դա լուրջ հարց է։ Ես շատ մեծ մտավախություններ ունեմ, որ մենք կբերենք բանակցային փակուղու, որի հաջորդ քայլը լինելու է սահմանին լարվածության մեծացումը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

2018 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ տապալված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները, նրա համոզմամբ, օր առաջ պետք է սկսել․ «Մենք պետք է փոխենք և Ընտրական օրենսգիրքը, և կուսակցությունների մասին օրենքը, չէ՞ որ հեղափոխության հարթակում այս լոզունգներն էին։ Ընտրական օրենսգիրքն այսօր է օրակարգային խնդիր, ոչ թե 4 տարի հետո։ Օր առաջ պետք է նստել, մշակել, որովհետև դա երկրի առողջացմանն ուղղված, երկրում քաղաքական նոր մշակույթի ամրակայմանն ուղղված քայլ է»։

tert.am

Այս թեմայով