Ձևակերպել մեր հետագա գոյությունը

Պատերազմից և Արցախի հայաթափումից հետո մենք ազգային սնանկության բացառիկ պատմական փուլում ենք. չգիտենք անելիքը, չենք պատկերացնում հետագան։
Կա Նիկոլ, որն առաջ է քաշում «խաղաղության պայմանագիր» թեզը, թեև ինքն էլ վստահ չէ՝ կլինի՞ այն, թե ոչ, առավել ևս չգիտի, թե ինչ է մեզ սպասում հետո։
«Խաղաղության պայմանագիր» և Նիկոլ մերժողներն էլ հասարակությանը չեն առաջարկում այլ խելամիտ լուծում, ապագայի այլ մոդել, հետպատերազմյան վերականգնման ստրատեգիական այլ տարբերակ։
Հասարակությունը սկսում է փախչել իրականությունից, ատոմիզացվում է և մերժում ամեն ինչ։
Ալիևը սա լավ հասկանում է, և գրեթե բառացիորեն ասում է, որ խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը ընդունի ներկա և ապագա իր պատմական ամլության փաստը՝ առանց նպատակ, առանց երազանք, առանց հիշողություն, առանց իրավունքի զգացում՝ հայրենիքի և նրա հոգևոր ժառանգության հանդեպ։ Մեզնից ուզում են ստանալ «անասունների հասարակություն»։
Սա պարտությունից հետո պարտադիր ընթացք չէր, և այս իրավիճակից կարելի էր խուսափել։ Բայց 2021թ-ին հայկական 680 հազարանոց էլեկտորալ բանակը աֆեկտի տակ հարձակվեց պետականության վրա։
Վերջին օրերին եկեղեցու երկու բարձրաստիճան և հեղինակություն վայելող հոգևորականներ խոսեցին ռևանշի գաղափարի մասին։ Սա եզակի փորձերից էր՝ մեր անիմաստ ներկային արժեք, գաղափար, տեսլական տալու։
Սա անմիջապես նկատեցին Ադրբեջանում։ Հայաստանում «ռևանշ» բառից, ինչպես բորոտից, սարսափում են քրոնիկ ՔՊ-ականները՝ առանց ընկալելու, թե ինչ է դա։
Ռևանշ նշանակում է վերականգնվել որպես մարդ, վերականգնվել որպես արժանապատիվ հասարակություն, որպես ապագա ունեցող պետություն, հոգևոր արժեքներ ունեցող հայկական աշխարհ։
Ռևանշ որևէ կերպ չի նշանակում նոր պատերազմ։ Ավելին, ռևանշի վերջնական նպատակը բոլոր հարևանների հետ, և գուցե առաջին հերթին Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատումն է։ Բայց ռևանշ նշանակում է նաև հոգևոր և պատմական հիշողություն, և իրավունք՝ Արցախի մեր շքեղ քաղաքների ու գյուղերի, Ամարասի, Գանձասարի, մեր նախնիների ու մեր հերոսների գերեզմանների, մեր տների հանդեպ։
Շատ լավ է, որ մեր հոգևոր հայրերը գնացին այդ բառը օգտագործելու ճանապարհով, և դա նաև պատվեր է քաղաքական և քաղաքացիական միավորներին՝ ձևակերպելու մեր գոյատևման այլ, գուցե ավելի լավ բանաձևեր։ Հենց սրա բացակայությունն է Նիկոլի՝ առ այսօր իշխանության մնալու գաղտնիքը, Ադրբեջանի անհատակ պահանջների պատճառը։
Պատերազմից հետո Ռ. Քոչարյանը, կարծեմ՝ Պոզների հաղորդման ժամանակ, ճիշտ ձևակերպում էր գտել. «Չափից դուրս անարդար խաղաղությունը չի կարող տևական ու մշտական լինել»։
Սա կարող էր դառնալ հեպատերազմյան բանակցությունների մեր նարատիվը, մեր բանակցային դիրքավորումը, որը հասկանալի կլիներ թե´ միջնորդների, թե´ հակառակորդի համար, և ամենակարևորը՝ հայ հասարակությանը մեջքն ուղղելու հնարավորություն կտար։ «Արժանապատիվ խաղաղությունը» այս կոնցեպտի խտանյութն էր։ Բայց Ռ. Քոչարյանը հետագայում հետ քաշվեց, ցավալիորեն չզարգացրեց պետության համար կարևոր այս գիծը։
Այսօր կա Ադրբեջան, որն ունի ստրատեգիական մտածողություն, գիտի՝ ինքն ինչ է ուզում 5-15-25 տարվա կտրվածքով, ու կա Հայաստան, որի մտածողության և հաշվարկի հորիզոնը 5 շաբաթից այն կողմ չի անցնում։
Ալիևը չի մեղավոր, որ մեր քաղաքական միտքն առաջ չանցավ «Հայաստանն առանց թուրքի» անպտուղ վանկարկումից։ Ավելին, մեր պարզունակությամբ փոքր Հայաստանը կիսեցինք ռուսամետների և արևմտամետների կեղծ բարիկադով՝ չհասկանալով, որ իրական պրոցեսը Թուրքիան է տանում։
Այսօր արդեն մոլորված ժողովրդի կոնսոլիդացիոն հիմնական իդեան պետության մերժումն է՝ իր տարբեր դրսևորումներով։
2021-2023 թթ. ողբերգությունների պատճառը մեր պետական մտածողության անկարողությունն էր՝ իրավիճակը հասկանալու և նպատակները ձևակերպելու։ Դա պետական դրեյֆի ու իմպուլսիվ պատեպատ խփվելու հիմքն էր, և դա էլ լինելու է նաև մեր առաջիկա կորուստների պատճառը։
Ինչպե՞ս սա թույլ չտալ. այս իշխանության ձեռքից պետք է վերցնել մեր ապագան կերտելու մենաշնորհը։ Դա արվում է բացառապես խելքով՝ այլ լուրջ կոնցեպտ առաջ քաշելով և դիմացը լուրջ համակարգ դնելով։

Հ.Գ
Նիկոլը երեկվա հարցազրույցում ոչ մի պատահական բան չի ասել. դա առաջիկա Հայաստանի իր պատկերացումն է, որը 100 տոկոսով տեղավորվում է Բոլթոնի խորհրդի սահմաններում՝ «հրաժարվել պատմական կարծրատիպերից»։ Սա Նիկոլի մոդելն է, իսկ մյուս, ալտերնատիվ մոդելը մինչ այս պահը, ցավոք, ձևակերպված չէ։ Խաղասեղանին մեր պետությունն է։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումն

Այս թեմայով