Մեկ մարդու իշխանության և հակակշիռների բացակայության ամենաուղիղ հետևանքն է. Հովհաննիսյանը՝ հրաժարականների մասին

Վանեցյանի հրաժարականի պատճառների և վարկածների ամենավստահելի աղբյուրը Վանեցյանի հայտարարությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախգծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին ու հայտարարության բովանդակությանը:

«Մենք, բոլորս՝ հասարակությունը, քաղաքական, հանրային շրջանակները, մամուլը, պետք է սովորենք հավատալ մեր աչքերին։ Հրաժարականի մասին ավելի պարզ և ավելի մատչելի որևէ այլ տեղ գրված չէ։ ԱԱԾ նախկին պետը խորը անհանգստություններ է ձևակերպում երկրի մթնոլորտի, հեռանկարի, որոշումներ կայացնելու մեխանիզմների մասին։ Ես շեշտում եմ՝ սա անում է ոչ այլ ոք, քան երկրի ԱԱԾ ղեկավարը՝ ամենաիրազեկ մարդը։ Հետևաբար, մենք բոլորս՝ հասարակությունը և քաղաքական հանրային շրջանակները պետք է շատ ուշադիր լինենք այս ձևակերպումների նկատմամբ։

Ըստ Հովհաննիսյանի՝ ենթադրելի է, որ իշխանությունը ամեն կերպ պետք է փորձի կենցաղայնացնել Վանեցյանի հրաժարականը, տարածել լեգենդեր և մեղադրանքներ. «Դա արվում է նաև սեփական թիմում խլրտումներ թույլ չտալու, համար, ասել է թե՝ սեփական թիմում ճնշելու ինքնուրույն մտածելու և ինքնուրույն հետևություններ անելու փորձերը։ Հրաժարականի խորքային պատճառների մեջ նշվում է մի քանի հարց, որոնք, ըստ իս, շատ մոտ են իրականությանը։ Կարծում եմ՝ իսկապես խոսքը որոշ հանձնարարությունների մասին է, որոնք, մեղմ ասած, օրենքի հետ խնդիրներ ունեին, և արդեն դառնում էր ընտրության հարց՝ գնալ այդ ճանապարհո՞վ, թե՞ հեռանալ։ Ընտրությունը մեր աչքի առաջ է։ Մյուս հարցը, իմ համոզմամբ, ավելի ռիսկային է և վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորի վերանայմանը։ Գաղտնիք չէ, որ Վանեցյանը համարվում էր Ռուսասատանի հետ ամենաէֆեկտիվ աշխատանքային խողովակներից մեկը»։

Իմ համոզմամբ՝ Հայաստանը մտել է շոկային զարգացումների տրամաբանության մեջ, կարծում է Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հնարավոր հրաժարականին։

«Կայուն, կանխատեսելի զարգացումների տրամաբանությունը, որն այնքան անհրաժեշտ էր մեր երկրին և անհրաժեշտ էր՝ 2018-ի ահռելի հանրային սպասումների իրականացման համար, ցավոք, պարտվեց շոկային տրամաբանությանը։ Անկանխատեսելիության գործոնը դարձել է համակարգաստեղծ գործոն։ Սա փուլ է, որով բոլորս ցավոք, անցնելու ենք։ Ես արդեն չեմ տեսնում դրանից խուսափելու հնարավորությունը։ Եվ հրաժարականները, պաշտոնանկությունները ամենակարևորը չեն լինելու։ Գուցե հասարակությանը հետաքրքիր են այդ մակերեսի թեմաները, բայց շոկերը լինելու են խորքային։ Երկրի կենսագործունեության ամբողջական համակարգեր կարող են խափանվել։ Սա մեկ մարդու իշխանության և հակակշիռների բացակայության ամենաուղիղ հետևանքն է»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ այս պայմաններում հանրության և իշխանության գիտակից շրջանակների հիմնական խնդիրն է՝ առաջիկա սոլիդ իշխանության ուրվագծման աշխատանքը. «Պետք է լինի համատեղ ջանքերով սոլիդ իշխանություն»։

Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Վանեցյանի հրաժարականի խոսքում կան հարցեր, որոնք դետալայնացման, լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն ունեն։ «Բայց դրա բացառիկ իրավունքը պատկանում է հայտարարության հեղինակին։ Շատ անշնորհակալ գործ է ուրիշի փոխարեն անել դա։ Իրեն հարգող հրապարակային գործիչը դա չի անի։ Կարծում եմ՝ Վանեցյանը որոշ ժամանակ հետո կվերադառնա իր տեքստին, կտա պարզաբանումներ։ Չի բացառվում, որ նոր հայտարարությամբ հանդես գա ու այդպես փորձի բացել փակագծերը։ Կյանքը ցույց կտա։ Այստեղ նույնպես գործելու է քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու բանաձևը։ Եթե Վանեցյանը ինքը չբացեց փակագծերը, ապա դա իր փոխարեն կանեն իր հակառակորդները, բնականաբար՝ իրենց շահի համատեքստում»,– նշեց Հովհաննիսյանը։

 

Այս թեմայով