Չեղարկել սահմանափակումների թուլացումը. այս պահին անպատրաստ ենք

Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։

Ցավով պետք է արձանագրենք նաև, որ նախքան սահմանափակումների վերացումը իշխանությունները չեն արել կամ մասնակիորեն ձախողել են մի շարք կարևոր նախապատրաստական միջոցառումներ, մասնավորապես

Ա/ Տեստավորումների քանակի էական աճ,

Բ/ Ռեզերվային հիվանդանոցային բավարար մահճակալների ապահովում,

Գ/ Մեկուսացման հնարավորությունների էական մեծացում

Դ/ Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։

Ե/ Հանրային իրազեկման արշավ. հասարակության մի զգալի հատվածը չունի տարրական պատկերացումներ՝ վիրուսի տարածման մեխանիզմների և դրա վտանգների մասին։

Զ/ Սահմանված նորմերի խստիվ պահպանման և վերահսկման մեխանիզմների կիրառում։ Խախտման համար խոշոր տուգանքների սահմանում։

Վերը նշվածը, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով նոր դեպքերի թվի աճը՝ օրական 120-ից ավել (մայիսի 6-ին՝ արդեն 163), օրական մինչև 1000 թեստավորման պայմաններում, բուժաշխատողների շրջանում մեծ թվով հիվանդների առկայությունը վկայում են իրավիճակի պայթյունավտանգ լինելու մասին։

Այս պայմաններում կոչ ենք անում իշխանություններին՝ մայիսի 9-ից երկշաբաթյա ժամկետով հրաժարվել սահմանափակումների թուլացման քաղաքականությունից, էապես խստացնել սահմանափակումները։ Այդ ժամանակահատվածում իրականացնել վերը նշված և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքներ և միայն դրանից հետո գնալ սահմանափակումների թուլացմանը։ Հանրային առողջությունը և ժողովրդի բարօրությունը չեն կարող լինել քաղաքական շահարկման կամ քաղաքական ամբիցիաների խնդիր։ Բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, կոչ ենք անում՝ իրենց հրապարակային ձայնով միանալ այս նախաձեռնությանը։

Վահե Հովհաննիսյան - «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Դավիթ Հարությունյան - «Լույս» Հիմնադրամ

Արմեն Գևորգյան - ՀՀ նախկին փոխվարչապետ

Էլինար Վարդանյան - «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Արփինե Հովհաննիսյան - «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ

Խոսրով Հարությունյան - ՀՀ նախկին վարչապետ

Ավետիք Չալաբյան - «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր

Գևորգ Գևորգյան - ռազմական գործիչ

Տիգրան Աթանեսյան - COVID-19 փաստահավաք խմբի անդամ

Գոհար Մելոյան - Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն

Ալեքսանդր Կոչուբաև - ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան

 

 

Այս թեմայով