Չի կարող մի դեպքում ՍԴ հանդեպ ճնշումների վերաբերյալ ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ ոչ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիբեկյանն այսօր որոշեց չքննել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վկայի կարգավիճակով դատարան հրավիրել Սահմանադրական Դատարանի դատավորներին, որոշելով հարցին անդրադառնալ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննարկման փուլում։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանը քննելու է Սահմանադրական դատարանի նկատմամբ ենթադրյալ ճնշումների վերաբերյալ հարցը՝ առանց ՍԴ դատավորներին լսելու։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ճնշում է գործադրվել ՍԴ անդամների վրա, իսկ ՍԴ անդամները նույնիսկ դատակոչված չեն։

Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ հնարավոր ճնշումների դրվագը կարևոր է դառնում հատկապես ՍԴ շուրջ ընթացող այսօրվա զարգացումների ֆոնին, որովհետև ոչ հեռավոր ապագայում դատարանը քննելու է ՍԴ նկատմամբ այսօրվա ճնշումները, որի արդյունքում Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ՍԴ-ի կողմից որոշումներ ընդունելու կարողությունը կախվածության մեջ հայտնվեց քաղաքական իշխանությունից, այս պահի քաղաքական ընկալումներից և նպատակահարմարությունից։

Այս ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, առանձին մարմիններ ՍԴ-ի հանդեպ կիրառեցին ներգործության բացահայտ միջոցներ։ Ինչպե՞ս կարելի է կոչել մեկ երեկոյի ընթացքում Սահմանադրական Դատարանի վերաբերյալ վարչապետի՝ իրար հետևող գրառումները, երբ ժամը 00։01 ազդարարում է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցումը, շնորհավորում է ՍԴ նախագահի պաշտոնակատարին։ ԱԺ նախագահը ընդունում է նույն դատավորին, դարձյալ շնորհավորում որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար և ամենակարևորը, որպես դարի իրադարձություն, տարածում լրատվամիջոցներում։ Իսկ այս ամենի կուլմինացիան Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն է ՍԴ-ին՝ հետաձգել 2020թ. հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

ՍԴ նախկին դատավոր Վ. Պողոսյանը իրավացիորեն փաստում է, որ ԱԺ-ն Սահմանադրական Դատարանին կարող է դիմել միայն Սահմանադրությամբ որոշված հարցերի շրջանակներում: Մյուս բոլոր դեպքերում ցանկացած դիմում, խնդրանք, անգամ՝ հեռախոսազանգ կարող է դիտվել որպես ճնշում դատարանի նկատմամբ:
Այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. որտե՞ղ է ՀՔԾ պետը, ինչո՞ւ է ուշանում նրա կողմից Սահմանադրական Դատարանի հանդեպ ճնշումներին պատշաճ արձագանքը։
Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպիսի ջանասիրությամբ էր Հ1-ը 2018թ. օգոստոսի 3-ին մի ամբողջ օր «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը անոնս անում, իսկ օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետ-ը և պարզվեց, որ խոսքն ընդամենը Վիկիլիքսում գտած մի հրապարակման մասին է, համաձայն որի ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշում էր տեղի ունեցել նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից։ Այնուհետև պարզվեց, որ հիշատակվող դատավորը հրապարակավ հերքել էր լուրը: Բայց անգամ դա չխանգարեց, որ ենթադրյալ ճնշման վերաբերյալ վիկիլիքսյան հրապարակումը հայտնվի մեղադրանքի հիմքում։ Այսօր ամենը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ՝ վարչապետի, ԱԺ և ոստիկանության մակարդակով, լուսաբանվում է բոլոր լրատվամիջոցներով, ՍԴ դատավորները ոչ միայն չեն հերքում, այլև աղաղակում են իրենց իրավունքների խախտման և սահմանադրական դրույթների կոպտագույն ոտնահարման մասին, սակայն այս ամենը ՀՔԾ կողմից տոտալ անտարբերության է արժանանում։

Չի կարող մի դեպքում Սահմանադրական դատարանի հանդեպ ճնշումների վերաբերյալ՝ ոչնչով չապացուցվող ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ նման աղաղակող խախտումներն ընդհանրապես որևէ կերպ չդիտարկվեն։ Եվ եթե այսօր այս հարցում միատեսակ մոտեցում չդրսևորվեց, վաղն արդեն հաջորդ ՀՔԾ պետը ՍԴ հանդեպ այսօրվա ճնշումներին, կատարված իրավախախտումներին, Սահմանադրության ոտնահարմանը, իշխանության յուրացմանը պարտավոր կլինի իրավական գնահատական տալ։ Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող առնվազն իրավական քննության առարկա չդառնալ։

Հ.Գ. Վաղն իրավական քննության առարկա է դառնալու նաև արտակարգ դրության ընթացքում համավարակի դեմ պայքարի ձախողումը, և արտակարգ դրությամբ արդարացվող ոչ իրավաչափ գործողությունները։ Այսօր ոստիկանները դիմակ չկրելու և ոստիկանի պահանջները չկատարելու համար ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին երկու աղջկա։ Ձեռնաշղթաներով աղջիկներին ոստիկանները խրոխտ ու հպարտ ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք։ Սա արդեն անցնում է բոլոր սահմանները։ Այդ մեթոդներով համավարակի դեմ չեն պայքարում։ Ուզում եք ցույց տալ, որ իսկապես պայքարում եք վարակի դեմ, քննության առարկա դարձրեք պայքարը ձախողած պաշտոնյաների գործողություններն ու անգործությունը։ 

 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով