Սա պետության ինքնապաշտպանությունն է

Նախագահի կշռադատված քայլից հետո վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը շարունակում է գնալ ավանտյուրայի ճանապարհով։ Նա չի կարողանում ողջամիտ հետևություններ անել բանակի հրամկազմի նախազգուշացումներից՝ անարդյունավետ կառավարման և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալների պատճառով երկիրը կործանման եզրին հասցնելու վերաբերյալ։ Նա չի կարողանում ճիշտ հետևություններ անել՝ Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ կառույցների, հանրային, մշակութային գործիչների, գործարարների, պաշտոնաթող սպաների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների, և ի վերջո հարյուր հազարավոր քաղաքացիների՝ հրաժարականի վերաբերյալ կոնսոլիդացված պահանջից։

Նա շարունակում է ավանտյուրան՝ օր օրի առավել լուրջ վտանգի տակ դնելով մեր երկրի կայունությունը և անվտանգությունը։

Պետք է փաստել, սակայն, որ Փաշինյանի ընտրած ճանապարհը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Հանրությունը բանակի կողքին է։ Մենք պատրաստ ենք կանգնել մեր պետական մարմինների թիկունքին, որոնք գիտակցում են մեր երկրի համար այս օրհասական պահին իրենց դերն ու առաքելությունը։ Սա ոչ մարդկային կապրիզ է, ոչ՝ քաղաքական թիմերի միջև ընտրություն։ Սա ինքնապաշտպանություն է և պետությունը կորցնելու վտանգին դիմադրելու ամենաառողջ մղումը։ Պե՞տք է մնալ փողոցում, կմնանք։ Պե՞տք է ցուցաբերել աջակցություն, ուրեմն այդ կառույցներն ու գործիչները կարող են վստահ լինել, որ ժողովուրդն իրենց կողքին է։

Բանակ-ժողովուրդ տանդեմը գնալով ավելի մեծ թափ է առնում։ Իշխանությունները դեռ հնարավորություն ունեն ճիշտ հետևություններ անել։ Դեռ կա վերջին հնարավորությունը։ Վաղն այդ դուռը կարող է ամուր փակվել։ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի։ Արդեն պարզ է, որ պրոցեսն անկասելի է։

Մենք ուզում ենք լսել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Մենք ուզում ենք լսել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ Մենք ուզում ենք լսել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նրանք պարտավոր են ժողովրդի առաջ պատասխանել մեկ հարցի. երբ ռազմական դրության պայմաններում բանակի գլխավոր շտաբը, բոլոր կորպուսների հրամատարները, բանակի բոլոր առանցքային ղեկավարները հայտարարում են, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», դրանից հետո նրանք ո՞ր կողմում են՝ կործանողի՞, թե՞ ահազանգ հնչեցնողի։

Ինչպիսի՞ն պետք է լինի երկրի առանցքային պաշտոնյաների պահվածքը՝ սպասարկել երկիրը կործանման հասցնողի՞ն, թե՞ բռնել նրա ձեռքը։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով