Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման
Ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել «ՀՀ կառավարության 1998թ․ հ․ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» որոշման նախագիծ, որտեղ բազմաթիվ հարցեր են ծագում ոչ միայն իրավական ակտերի աստիճականության, նախագծի հիմնավորման, այլև դրա պրակտիկ կիրարկման և նպատակայնության վերաբերյալ։
1.Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի համար սահմանել 2 տարի առավելագույն ժամկետ, դրանով իսկ իրագործելով Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021): Սա է նախագծի միակ հիմնավորումը։ Թե ինչ է իրենից ներկայացնում, ինչ է բովանդակում հանձնարարականը անհասկանալի է, քանզի այն չի հրապարակվել, չի պարզաբանվել։
Աբսուրդների շարքում համար առաջինն այն է, որ ՀՀ քաղաքացու անձնագրի համար առավելագույն 2 տարի ժամկետ սահմանվում է կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով, մինչդեռ քաղաքացու անձնագրի համար ժամկետը սահմանվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով («Անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետը») ամրագրված է, որ «Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:»։ Չեմ զարմանա, եթե ավելի ուշ ներկայացնեն օրենքի փոփոխության նախագիծ, բայց ստացվում է այնպես, որ այսուհետ օրենքները պետք է համապատասխանեցվեն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտերի պահանջներին, այլ ոչ թե հակառակը։
2. Նախագծով, ըստ էության սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի ու ելքի իրավունքները՝ մարդիկ զրկում են օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ մուտքի արտոնագրեր/վիզաների ստանալու լեգիտիմ ակնկալիքից։ Սա կարող է խնդիրներ առաջացնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ երկխոսության համար։ Ավելին, Շենգենյան գոտու գործող կարգավորումների համաձայն յուրաքանչյուր քաղաքացու անձնագրի գործողությունը պետք է վավեր լինի շենգենյան տվյալ երկրից վերադառնալուց հետո առնվազն 3 ամիս: Այդ դեպքում, արդյոք ԵՄ երկրների կողմից կտրամադրվի երկարաժամկետ (ավելի քան երկու տարի ժամկետով) վիզաներ։ Կամ, օրինակ՝ ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն կարող է տրամադրել մուտքի հրավեր 10 տարվա ժամկետով։ Եթե անձնագրի գործողության ժամկետը դառնա 2 տարի, ապա ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու ԱՄՆ 10 տարվա վիզաները պահմանելու համար պահել և՛ հին նմուշի անձնագիրը, և՛ նորը կամ շատ հնարավոր է տվյալ պետությունները փոփոխեն իրենց վիզային քաղաքականությունը։
3.Ընդունվելու դեպքում նախագիծը ֆինանսական և վարչական պարտավորություններ է ստեղծելու քաղաքացու համար։ Արհեստական հերթեր են առաջանալու լիազոր մարմինների գրասենյակների առջև։ Դժվար է պատկերացնել, թե ինչ ծավալի ծանրաբեռնվածություն է դրվելու անձնագրային գրասենյակների վրա։ Հիմնավորման մեջ չկա հաշվարկ, թե ինչ ֆինանսական բեռ է այս փոփոխությունը առաջացնելու քաղաքացիների համար։ Բայց մի բան ակնհայտ է, որ վարչական բեռը ավելանալու է՝ օրինակ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել ու համար /կլոր կնիք/ քաղաքացին պետք է անձամբ ներկայանա, կամ տրամադրի լիազորագիր։ Իսկ սա նշանակում է երկու տարին մեկ քաղաքացին պետք է անցնի նույն շրջապտույտը։
4. Անձնագրային ծառայությունները շատ թանկ արժեն հյուպատոսական ծառայություններում։ Հաշվարկել են արդյոք նախագծի հեղինակները, թե ինչ ֆինանսական բեռ կլինի դա մեր քաղաքացիների համար։
Ես ձեռնպահ կմնամ այս նախագիծը ներկայացնելու հիմքերի և պատճառների մասին ենթադրություններ անելու գայթակղությունից, սակայն մի բան ակներև է՝ չի կարող նախագիծը, որ շոշափում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը, ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման և պարզաբանման։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ